Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Կզայրացնի՞ Մոսկվային Լուկաշենկոյի այցը Բաքու

Կզայրացնի՞ Մոսկվային Լուկաշենկոյի այցը Բաքու
01.12.2016 | 09:22

Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Ադրբեջան շատ ԶԼՄ-ներ կապում են այն իրողությանը, որ վերջերս Բելառուսի նախագահը բացահայտորեն առանց հաջողության վերադարձավ Մոսկվայից: Իբր՝ հիմա էլ նա մեկնել է ռուսական նավթին այլընտրանք որոնելու: Ակնկալվում էր, որ նոյեմբերի 22-ին Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցում Ալեքսանդր Լուկաշենկոն կփորձի նավթային կոնֆլիկտը վերացնել: Դատելով կողմերի գերեզմանային լռությունից, չստացվեց: Բայց Բաքու այցը ծրագրված էր ավելի վաղ: ՈՒստի չարժի այս այցի մեջ Մոսկվային ուղղված հուզական մարտահրավեր տեսնել: Սկզբունքորեն՝ ադրբեջանական նավթի հետ էլ ամեն ինչ պարզ չէ: Թեպետ աշնանը, Մոսկվայի հետ նավթագազային պատերազմի թեժ պահին, մի տանկեր պատվիրվեց:


Նավթային այլընտրանք՝ տարեկան ընդամենը 283 տանկեր
Այն նավթը՝ 84,7 հազար տոննա, վրացական Սուպսայից Օդեսա ծովով, հետո երկաթուղով ՈՒկրաինայի տարածքով Մոզիր հասավ հոկտեմբերի վերջին: Վիթխարի գործարանի համար դա ոչինչ էր (աշխատանքային երկուսուկես օր): Մոսկվայի հետ վերջին կոնֆլիկտից առաջ բելառուսական նավթավերամշակող երկու երկու գործարան Մոզիրում ու Նովոպոլոցկում ամսական մշակում էին 1,9 միլիոն տոննա նավթ: Այս տարի Բելառուսն ուզում էր Ռուսաստանից ստանալ 24 միլիոն տոննա նավթ, դա պայմանավորված էր: Բայց երրորդ եռամսյակից Մոսկվան կտրուկ կրճատեց մատակարարումները՝ չվճարելու պատճառով, հիմա Մոզիրի նավթավերամշակման գործարանում ու «Նավթանում» արտադրանքը երկու անգամ կրճատվել է: Ռուսական նավթը ամբողջությամբ փոխարինելու համար Բելառուսը պետք է տարեկան պատվիրի 283 տանկեր: Նույնիսկ Ռուսաստանից ներկա թերի մատակարարումները փոխհատուցելու համար տասնյակ տանկերներ են պետք: Ռեալ չէ: Այդ ճանապարհով մատակարարումները թանկ են, էժանացնելու համար կարելի է օգտագործել Օդեսա-Բրոդի խողովակաշարը, բայց այդպիսի հարցերը երկու օրում չեն լուծվում և իմաստ կունենան միայն շատ մեծ ծավալների դեպքում: Բոլոր դեպքերում՝ կասպիական նավթը Օդեսա-Բրոդի երթուղով փոխադրելու նախորդ փորձը կարճատև էր ու ոչ այնքան հաջող: Նախ Մինսկը, երբ 2010-ին նորից Մոսկվայի հետ դաժան վեճերի մեջ էր, Կիևի հետ պայմանավորվեց մեծ ծավալների շուրջ (տարեկան 4 միլիոն տոննա սկզբի համար), երբ Բելառուսը հաշտվեց Մոսկվայի հետ և ռուսական ընկերության հետ շահավետ նավթային համաձայնագիր կնքեց, այլընտրանքի մասին մոռացան:


Ինչո՞ւ պիտի Ալիևը զեղչեր անի
Գլխավոր հարցը ոչ թե լոգիստիկայի գինն է, այլ՝ նավթի: Ադրբեջանական նավթը դիտարկել այլընտրանք ռուսական գազին, մեր դեպքում չի կարելի՝ կարծում է Ռազմավարական հետազոտությունների բելառուսական ինստիտուտի վերլուծաբան Ալեքսանդր Ավտուշկո-Սիկորսկին: «Բելառուսի համար ռուսական գազի շահավետությունը պամանավորված է զեղչով նավթի համաշխարհային գների համեմատությամբ՝ այդ զեղչի դիմաց մենք վճարում ենք քաղաքական լոյալությամբ: Ես պատճառներ չեմ տեսնում, որ Ադրբեջանը Բելառուսին իր գազի դիմաց զեղչեր անի»՝ հայտարարել է Ալեքսանդր Ավտուշկո-Սիկորսկին Naviny.by-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ «արդյունքում ադրբեջանական նավթը մենք կարող ենք վերամշակման համար ստանալ պատվիրված մատակարարումների հիման վրա: Շահույթ հնարավոր է, բայց ոչ մի համեմատություն Ռուսաստանի նավթային ռենտայի հետ»: Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ նոյեմբերի 28-ին Բաքվում բանակցություններում հենց պատվիրված մատակարարումների առաջարկ արեց: Նավթային համագործակցության մասին նա խոսում էր բավականին զգույշ, ասես՝ վախենալով ինչ-որ մեկին զայրացնել: Եվ նույնսկ ընդգծեց, որ դա չէ գլխավորը հարաբերություններում ու Բելառուս-Ադրբեջան բանակցություններում: Նուն օրը ստորագրված երկկողմ փաստաթղթերում շեշտը, դատելով պաշտոնական տեղեկություններից, նավթային հարցերի վրա չէ դրվել:


Ի՞նչ մնաց կադրից դուրս
Իհարկե, ինքներդ էլ հասկանում եք, որ ամեն ինչ չի հրապարակվում նախագահների խոսակցությունից, համենայն դեպս՝ մինչև որոշակի պահը: Սկզբում առեղծված էր՝ որտեղի՞ց Լուկաշենկոն 2010-ի ամռանը գտավ բավականաչափ մեծ գումար, երբ Մոսկվան նորից պատին էր սեղմել գազի պարտքի համար: Հետո Բելառուսի նախագահն ինքը գաղտնիքը բացեց. «Ես դիմեցի Իլհամ Ալիևին ու նա մեկ օրում ինձ 200 միլիոն դոլար պարտք տվեց, որից 187 միլիոնը վճարեցինք Գազպրոմին»: Հիմա նույնպես Մինսկին փող է պետք, բայց Ալիևն էլ լավագույն ժամանակները չի ապրում նավթի գնի անկման պատճառով: Թեպետ, 200 միլիոն ծայրահեղ կարիքի դեպքում բելառուս բարեկամի համար (երկու նախագահները, կարծես, իրոք, միմյանց հարազատներ են համարում) այսօր էլ կգտնվի: Ադրբեջանի նախագահը ի պատասխան կարող է խնդրել օգնություն որոշ նուրբ հարցերում: Նուրբ ոլորտներից մեկը Մինսկ-Բաքու ռազմատեխնիկական համագործակցությունն է: Լեռնային Ղարաբաղի պատճառով՝ Հայաստանի հետ վաղեմի դիմակայության պայմաններում Ադրբեջանը փող չի խնայում իր բանակի հզորությունն ամրապնդելու համար: Գյանջայի ավտոգործարանում հավաքվում են ռազմական МАЗ և МЗКТ ավտոմեքենաներ, որոնք հակաօդային պաշտպանության հրթիռների համար հարթակ են ծառայում՝ Naviny.by-ին ասել է բելառուս ռազմական փոձագետ Ալեքսանդր Ալեսինը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը հետաքրքրված է հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի բելառուսական միջոցներով: Վերլուծաբանի կարծիքով՝ «Հիմա, երբ Հայաստանը ստացել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համակարգեր, Ալիևը կարող է հետաքրքրված լինել բելառուսական «Պոլոնեզ» ռեակտիվ հրաձգության հրանոթներով»:

Ալեսինը կարծում է, որ Ադրբեջանին «Պոլոնեզներ» վաճառելու հարցում Ալեքսանդր Լուկաշենկոն կարող էր խորհրդակցել Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում: ՈՒստի այս հարցում էլ չարժի Կրեմլին մարտահրավեր փնտրել: Բաքվում Լուկաշենկոն ոչ միայն խուսափում էր գրգռիչ հռետորաբանությունից, այլև ընդգծում էր. «Մենք ոչ մեկին չենք վնասում մեր համագործակցությամբ»: Այդ օգտակար հնազանդությունը կարելի է մեկնաբանել իբրև վկայություն, որ Բելառուսի նախագահը մտքում պահում է գլխավորը՝ ազգային տնտեսության փրկության գլխավոր հարցերը, միևնույն է, ստիպված է Մոսկվայի հետ լուծել:
Ալեքսանդր ԿԼԱՍԿՈՎՍԿԻ, Белорусские новости


Հ.Գ. Արժի՞ հարցնել, թե քանի լումա արժեն ԱՊՀ-ն ու ԵԱՏՄ-ն: Ի՞նչ հարցեր են լուծում ու ի՞նչ նպատակի են ծառայում: Ալեքսանդր Լուկաշենկոն դռնեդուռ ընկած փորձում է փրկել Բելառուսի տնտեսությունը՝ ոչ մի խոչընդոտի առաջ չկանգնելով՝ անդամակցություն տարբեր կառույցների, պարտավորություններ, բարոյականություն, հեղինակություն, հավատ՝ նրան փող է պետք ու վերջ: Ով տվեց՝ նա էլ Բատկայի աստվածն է: Պուտինը նավթ չի տալիս, Լուկաշենկոն պատրաստ է այդ նավթը գրամ-գրամ հավաքել ամբողջ աշխարհից՝ ով էժան կտա: Քաղաքականությունը նա այդպես է հասկանում՝ չկան դաշնակիցներ, կա պրոբլեմ, չկան պարտավորություններ, կա պարտք: Լուկաշենկոյի այցը Ադրբեջան հենց այդ շարքից է: Նա պատրաստ էր Իլհամ Ալիևի ձեռքերն էլ համբուրել, ոչ միայն Հեյդար Ալիևի շքանշանը, միայն էժան նավթ ստանար: Գուցեև ստացել է՝ ռազմական համագործակցության հաշվին: Բելառուսական զենքն առաջին օրը չէ Ադրբեջան հոսում, գուցե այնքան էլ որակյալ ու հզոր չէ, փոխարենը համեմատաբար էժան է ռուսականից, չինականից ու իսրայելականից:
Խնդիրը Ալեքսանդր Լուկաշենկոն չէ, խնդիրը հայ-բելառուսական հարաբերություններն են: Շարունակելո՞ւ է Հայաստանը բարեկամ համարել Բելառուսին, երբ Բելառուսը բացահայտորեն ընտրել է նավթն ու գազը, և ուրեմն՝ Ադրբեջանին:

Ադրբեջանը, իսկապես, հիմա էլ կարող է բարեկամ Բելառուսի համար 200 միլիոն գտնել՝ ադ գումարի դիմաց շատ ավելին է ստանալու՝ հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի բելառուսական միջոցներ, «Պոլոնեզ» ռեակտիվ հրաձգության հրանոթներ: Չկասկածեք, որ Պուտինը Լուկաշենկոյին «ոչ» չի ասել: Եվ երբ Լուկաշենկոն հայտարարում էր. «Մենք ոչ մեկին չենք վնասում մեր համագործակցությամբ», Հայաստանի մասին չէր էլ հիշում: Նրա համար քարտեզի վրա Հայաստան չկա, որովհետև Հայաստանից ոչ մի ստանալիք չունի: Անգամ՝ քաղաքական լոյալության մասով, որով Մոսկվային Բելառուսը փոխհատուցում է էժան էներգակիրների դիմաց: Բայց Հայաստանը գոնե կարո՞ղ է ի պատասխան հրաժարվել Բելառուսի նկատմամբ իր քաղաքական լոյալությունից, առավել ևս, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքվում համբուրում է իրեն շնորհված Հեյդար Ալիևի` շքանշանի վրա պատկերված նրա կիսադեմն ու հայտարարում. «Իլհամ Հեյդարովիչ, ես երախտապարտ եմ քեզ մեր ընկերության համար: Ես այն շատ բարձր եմ գնահատում, այս մեդալի համար էլ վարձահատույց կլինեմ»: Պարզ է, չէ, թե ինչ «վարձահատույցի» մասին է խոսքը: Գործընթացը արդեն սկսված է՝ երկու նախագահները Բաքվում համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցով, որտեղ Լուկաշենկոն համաձայնել է, որ հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի հիման վրա:

«Կողմերը կարևորում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը, որը պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, առաջին հերթին՝ ինքնիշխանության ապահովման, տարածքային ամբողջականության և պետության սահմանների անխախտելիության սկզբունքներին, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին և ԵԱՀԿ որոշումներին»,- ասված է հայտարարության մեջ: Ադրբեջանի և Բելառուսի նախարարները, հիմնվելով ԵԱՀԿ-ի առաջադրած սկզբունքների վրա, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, Մինսկի խմբի գործունեության ու համանախագահների վրա, կարևորել են խնդրի արագ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ-ի ջանքերին լրացուցիչ քաղաքական խթան հաղորդելը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ խթան են Ալիևն ու Լուկաշենկոն հաղորդելու հարցի արագ կարգավորմանը: «Երկու երկրները կշարունակեն համաձայնեցված ջանքեր ներդնել միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար»՝ ասված է հայտարարության մեջ, հիմա պատկերացրեք՝ որտեղ է Բաքուն, որտեղ է Մինսկը և ո՞ր տարածաշրջանի մասին է խոսքը և ի՞նչ գործ ունի Բելառուսը Հարավային Կովկասում, կամ՝ Ադրբեջանը Եվրոպայի կենտրոնում: Այսքանից հետո՝ եթե Բատկան Բաքվից էժան նավթ չի պոկել, ուրեմն Ալիևը ժլատ է ու աղքատ ավելի, քան հնարավոր է պատկերացնել պաշտոնական տվյալներից:
Ժամանակը չէ՞ վերանայել հայ-բելառուսական հարաբերությունները՝ ոտքից գլուխ ու դեսպանին հետ կանչել: Առայժմ՝ խորհրդակցությունների համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ